Նմանը չունեցող բացահայտում. Վիկիլիքսի գաղտնազերծած այս հեռագիրը պայթեցնում է համացանցը.. Սերժի և Ռոբերտի մասին..







Վիկիլիքսի գաղտնազերծած այս հեռագիրը կրում է “խորհրդապահական” դասակարգումը: 2009 թվականի նոյեմբերի 17-ին այն ԱՄՆ պետքարտուղարություն է ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Առաջին անգամ հայերեն ամբողջությամբ այն թարգմանել և հայ հանրությանն է ներկայացրել ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ օրաթերթը:

WikiLeaks – Armenia No 6

2009-11-17

1. ՍԵՂՄԱԳԻՐ: Հայաստանի տնտեսական գլխավոր ճյուղերի պատկանելության մթին հարցը թաքնված շարժիչ ուժ է հայկական քաղաքականության եւ էլիտաների փոխհարաբերություններում: Երեւանյան խոսակցությունները հաճախ նշում են, թե որ նշանավոր անձն ինչ հայտնի տնտեսական ակտիվների սեփականատեր է, սակայն դժվար է ստանալ հստակ եւ հաստատուն տեղեկատվություն: Լավ կապեր ունեցող մի գործարար վերջերս ցանկություն էր հայտնել անկեղծ եւ գաղտնի խոսել առաջատար քաղաքական գործիչների տնտեսական շահերի մասին: Ընդհանուր առմամբ գրեթե բոլոր շահութաբեր ճյուղերը եւ ձեռնարկությունները բաժանված են երկու գլխավոր քաղաքական/տնտեսական բուրգերի միջեւ. մեկը գլխավորվում է նախագահ Սերժ Սարգսյանի, իսկ մյուսը՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Ինչ-որ չափով առանձնանալով Քոչարյանի բուրգից՝ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանն այժմ գլխավորում է հնարավոր բիզնես նախաձեռնությունների երրորդ գլխավոր ճյուղը:

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

2. Հայկական քաղաքականությունը նման է «հաղթողը վերցնում է ամեն ինչ» սկզբունքին, եւ սա մեծամասամբ վերաբերում է ոչ միայն քաղաքական հարցերին, այլ նաեւ գործարար եւ տնտեսական խնդիրներին: Սա այն հարցերից մեկն է, որի պատճառով հայկական քաղաքականությունը դարձել է այդքան անողոք: Ավելին՝ 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքներից էր «ապրիր եւ թույլ տուր ապրել» չգրված դաշնագրի վերացումը, որը նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող գործարարներին թույլ էր տվել (նրանցից ամենաակնառուն օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն է («Գռզո»), որը վերահսկում է SIL Group բիզնեսների ցանցը), շարունակել շահութաբեր գործունեությունը Տեր-Պետրոսյանի 1998-ի պաշտոնաթողությունից հետո:

Երբ Տեր-Պետրոսյանը պալատական ոչ բռնի հեղաշրջման արդյունքում պաշտոնաթող եղավ, այդ պահին չբարձրաձայնված գործարքներից մեկն այն էր, որ քանի դեռ Տեր-Պետրոսյանը եւ նրա գործարար դաշնակիցները չեն խառնվում քաղաքականությանը եւ նոր ռեժիմի համար խնդիրներ չեն ստեղծում, նրանց հանգիստ կթողնեն: 2008թ. նախագահական քարոզարշավի ժամանակ Գռզոյի՝ Տեր-Պետրոսյանին ցուցաբերած բացեիբաց աջակցության պատճառով բոլոր խաղադրույքները հետ վերցվեցին: SIL Group-ը զգալիորեն մասնատվել է, իսկ դրա ամենաշահութաբեր ակտիվները բռնագրավվել են եւ փոխանցվել (կեղծված դատական գործընթացների միջոցով) նախագահ Սերժ Սարգսյանին հավատարիմ մարդկանց:



Բիզնես էլիտաներն այսպիսով խորապես միահյուսված են քաղաքական իշխանության հետ եւ հակառակը, ու յուրաքանչյուրն ունի ստատուս քվոն պահպանելու դրդապատճառ՝ վախենալով, որ ռեժիմի փոփոխությունը կարող է սկիզբ դառնալ տնտեսական վերաբաշխման նոր արշավի: Սակայն այլ գործարարներ հնարավոր է՝ առավել զգույշ են գտնվել եւ կամուրջներ չեն այրել՝ փոխարենը քաղաքակիրթ հարաբերություններ մշակելով ողջ քաղաքական դաշտի հետ:

Մեր զրուցակցի կողմից նշված հետաքրքիր մեկնաբանություններից մեկն այն էր, որ հայ գործարարներից շատերը, եթե ոչ մեծ մասը, այժմ ակտիվորեն հովանավորչություն են փնտրում («կռիշա») Մոսկվայում որպես հակակշիռ տեղական քաղաքական ռիսկերի, որովհետեւ նրանք վստահ չեն, թե ինչպես կզարգանա քաղաքականությունը Հայաստանում եւ ցանկանում են ունենալ լրացուցիչ լծակներ՝ իրենք իրենց պաշտպանելու համար, եթե տեղական իրավիճակը շրջվի իրենց դեմ: Այս ռուսական «կռիշաներից» ոմանք (կռիշան ա՞նձ է, թե՞ հարաբերություն) օլիգարխներ են, իսկ մյուսները՝ ռազմական կամ իրավապահ մարմինների բարձրաստիճան գեներալներ կամ Կրեմլի ներսում գտնվող այլ անձինք:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

3. Քաղաքական հարցերով պաշտոնյան, նպատակ ունենալով ծավալուն զրուցել Հայաստանում քաղաքական/տնտեսական էլիտաների կողմից վերահսկվող ոլորտների շուրջ, հանդիպել է լավ կապեր ունեցող մի գործարարի հետ, որն ունի քաղաքական եւ բիզնես հարաբերություններ ողջ քաղաքական դաշտում: Ակնհայտ էր, որ այս տեղեկատվությունը շատ զգայուն է: Խոսակցության ընթացքում մեր զրուցակիցը ազատորեն եւ վստահաբար խոսեց քաղաքական կուսակցություններում վերջերս տեղի ունեցած ներքին ինտրիգների եւ գաղտնի քաղաքական գործարքների մասին, որոնց նա մասնակից էր:

Երբ խոսակցության թեման արդեն դարձան օլիգարխները, մենաշնորհները եւ բիզնեսների վերահսկողության հարցը, նրա մարմնի ժեստերն ամբողջապես փոխվեցին. նա առաջ եկավ եւ ցածրացրեց իր ձայնը, եւ կային որոշ հարցեր, որոնք նա հետաձգեց մինչեւ «Երեւանից դուրս» ենթադրվող հաջորդ հանդիպումը՝ զրույց, որն այդպես էլ չկայացավ: Քաղաքական հարցերով պաշտոնյայի համար պարզ էր, որ գլխավոր տնտեսական ճյուղերի կուլիսային սեփականատիրության բացահայտումը համարվում էր ավելի բարձր գաղտնիության խնդիր, քան Հայաստանի ներքին քաղաքականության անցուդարձը:

Մենք այս անձին համարում ենք անկեղծ եւ տեղեկացված աղբյուր, որի հաղորդած տեղեկատվությունը ճշմարտանման է՝ համեմատած մեր ունեցած այլ հատվածական ինֆորմացիայի հետ: Այս ամենը, սակայն, հիմնված է մեկ աղբյուրի վրա, որն ունի սեփական բիզնես եւ քաղաքական շահեր, այդ թվում՝ ընդդիմադիր ուղղվածություն: Ամեն դեպքում, մենք անհրաժեշտ համարեցինք վաշինգտոնյան վերլուծաբաններին առաջարկել հայացք նետել այս դրամային շահերի վրա, որոնք անտեսանելի գործոն են Հայաստանի կոշտ քաղաքականության մեջ:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԲՈՒՐԳԸ

4. Սերժ Սարգսյանը շահութաբեր տնտեսական ակտիվներ ձեռք բերելու հարցում առավելություն ուներ Քոչարյանի նկատմամբ: Չնայած այն բանին, որ երկուսն էլ ղարաբաղցիներ են, Սարգսյանը Քոչարյանից հինգ տարի շուտ է եկել Երեւան եւ զբաղեցրել ազդեցիկ նախարարական պաշտոններ, իսկ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղում էր մինչեւ 1998թ: Նախագահության տասը տարիների ընթացքում Քոչարյանը հավասարվեց Սարգսյանին, եւ ստացվեց այնպիսի մի իրավիճակ, որտեղ գերիշխող գործարար կամ տնտեսական ճյուղերի մեծ մասը այս կամ այն կերպ կապված էին նրանցից մեկի հետ: Սարգսյանի նախագահ դառնալուց հետո օլիգարխներից ոմանք իրենց հնազանդությունը դարձրին արդեն նրա կողմը:



5. Մեր աղբյուրը նշեց, որ իրականում կան ընդամենը երկու օլիգարխներ, որոնք հավատարիմ են անձամբ Սերժ Սարգսյանին եւ հետեւաբար, վստահորեն գտնվում են նրա ճամբարում՝ անկախ քաղաքական քամիների փոփոխությունից: Այդ մարդիկ են Միխայիլ Բաղդասարովը եւ Նիկոլայ Բարսեղը (Ծանոթագրություն – ենթադրվում է, որ Սարգսյանի փեսա Միքայել «Միշա» Մինասյանը, որի բիզնես շահերը արագորեն մեծանում են, կարող է նույնպես լինել հավատարիմ, սակայն սա չնշվեց: Մինասյանը հավանաբար դեռեւս չի համապատասխանում «օլիգարխի» կարգավիճակին եւ շատ դեպքերում կարող է ընդամենը հանդես գալ որպես Սարգսյանի կողմից վերահսկվող բիզնեսների դե ֆակտո դեմքը: Հայտնի քաղաքական գործիչների մեծ մասի բիզեսները կամ ակտիվները իրենց անուններով չեն, այլ վերահսկվում են ընտանիքի անդամների կամ վստահելի ընկերների ու դաշնակիցների միջոցով):

6. ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎ – Բաղադասարովին է պատկանում «ՄԻԿԱ» ընկերությունը, որը Հայաստան վառելիք ներկրող երկու գերիշխող դիրք ունեցողներից մեկն է: «ՄԻԿԱ»-ն նաեւ բենզալցակայանների եւ բենզինային ապրանք ցրող այլ տարբեր բիզնեսների ցանց է: Բաղդասարովին է պատկանում Հայկական ազգային ավիաուղին՝ «Արմավիան»: Բաղդասարովը նաեւ հայկական երկու մեծ ցեմենտի գործարաններից մեկի՝ Հրազդան քաղաքում գտնվող «ՄԻԿԱ-Ցեմենտի» սեփականատերն է:

7. ՆԻԿՈԼԱՅ ԲԱՐՍԵՂ– Բարսեղին պատկանում է վառելիք ներկրող մյուս գերիշխող ընկերությունը՝ «Ֆլեշը», որը նույնպես ունի լցակայանների իր ցանցը: Սերժ Սարգսյանը Միխայիլ Բաղդասարովի եւ Բարսեղի միջոցով ամբողջովին վերահսկում է վառելիքի ցանկացած տեսակի ներկրումը: Բարսեղին է նաեւ պատկանում «Արարատ» բանկը:

8. ՍԱՄՎԵԼ «ԼՖԻԿ ՍԱՄՈ» ԱԼԵՔՍԱՆՅԱՆ– Լֆիկ Սամոն այն օլիգարխներից է, որն իր հնազանդությունը Քոչարյանից դարձրել է Սարգսյանին: Նա վերահսկում է ալյուրի, ցորենի, շաքարավազի եւ հավի մսի ներմուծումը: Նրան է նաեւ պատկանում «Երեւան սիթի» սուպերմարկետների աճող ցանցը: Լֆիկ Սամոն վերահսկում է Հայաստան ներկրվող դեղագործական ապրանքների 50 տոկոսը: Նա տնտեսական կապեր ունի գլխավոր դատախազի հետ: Մենք գիտենք նաեւ այլ աղբյուրներից, որ նա անձամբ ղեկավարել է իր «ավազակներին» Երեւանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասի ընտրական տեղամասերում՝ նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի օգտին իրականացնելով ընտրական ահաբեկության մի արշավ: Այդ ընտրական տեղամասերը, նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հավաստմամբ, ամենախնդրահարույցն էին մայիսի 31-ի՝ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրությունների ժամանակ:

9. ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ– Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ղեկավարում է մի փակ քաղաքական/տնտեսական խմբավորում՝ ոչ պաշտոնապես հայտնի որպես «ապարանյան կլան», քանի որ դրա ղեկավար անդամները բոլորը երեւանաբնակներ են Ապարան քաղաքից: Գլխավոր դատախազին եւ իր «ապարանցիներին» է պատկանում «Շանթ» հեռուստատեսությունը եւ «Շանթ» կաթնամթերքի գործարանը: Մեզ նաեւ տեղեկացնում են, որ նա բազմաթիվ բիզնեսների մեջ ունի բաժնեմասեր Սերժ Սարգսյանի անունից: Մեր աղբյուրը նշում է, որ Հովսեփյանը եւ իր ապարանյան կլանը հնարավոր է քաղաքականապես լինեն ինչ-որ չափով անկախ խաղացողներ, սակայն երբ հարցը վերաբերում է բիզնեսին, նրանք ամբողջությամբ գտնվում են Սարգսյանի ճամբարում, եւ ինչպես արդեն նշվեց՝ սերտորեն աշխատում են Լֆիկ Սամոյի հետ:

10. ՄԻՇԱ ՄԻՆԱՍՅԱՆ– Նախագահի փեսային արդեն երկար ժամանակ պատկանում է «Ջազվե» սրճարանների ցանցը, որը ճյուղեր ունի Հայաստանի շատ այլ վայրերում: Նրան է այժմ նաեւ պատկանում «Ֆիլիպ Մորիսի» ծխախոտային ապրանքների բացառիկ ներկրող «Պարես Արմենիան», այն բանից հետո, երբ կառավարությունը մաքսային ծառայության աշխատակիցներին (այժմ՝ Պետական եկամուտների կոմիտե) ուղարկեց այնտեղ՝ Գռզոյից «Պարես Արմենիայի» վերահսկողությունը խլելու նպատակով:

11. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՄԲՈՒԿՅԱՆ– Փամբուկյանին է պատկանում բենզինի մանրածախ վաճառքի «CPS» ցանցը եւ հրուշակեղենի մի մեծ գործարան: Մայիսի 31-ին տեղի ունեցած Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ նա եղել է «Հանրապետական» կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ «Չոռնի Գագո» Բեգլարյանի շտաբի պետը: Վերջինս այնուհետեւ ավագանու կողմից ընտրվեց քաղաքապետի պաշտոնում:



12. ԱԼԵՔՍԱՆԴՐ «ՍԱՇԻԿ» ՍԱՐԳՍՅԱՆ– Սերժ Սարգսյանի՝ հակասական քայլերի հակված եղբայրը մեծ բաժնեմասներ ունի խոշոր բիզնեսների լայն շրջանակներում՝ առանց որեւէ կոնկրետ ոլորտում գերիշխելու: Նրա մասին, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանին մոտիկ այլ մարդկանց մասին պատմում են, որ (ՀՀ-ում գործող գործարարների համար.- խմբ) հարկային տեսուչների կամ այլ մարմինների հետ խնդիրներ ունենալու դեպքում դրանք լուծելու ամենաարագ ճանապարհը բիզնեսից զգալի բաժնեմաս Սաշիկին փոխանցելն է:

13. ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ («ՆԵՄԵՑ ՌՈՒԲՈ»)– Նեմեց Ռուբոն Հայաստանում առավել քրեական կապեր ունեցող օլիգարխներից մեկն է եւ, ըստ մեր աղբյուրի, սկսել է ձերբազատվել (միգուցե ոչ կամավոր կերպով) իր «օրինական» շատ բիզնեսներից: Ըստ լուրերի, նա կապ է ունեցել տխրահռչակ ռուս հանցագործ Յապոնչիկի հետ: Նեմեց Ռուբոն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է եւ նախկինում մեծ բաժնեմաս է ունեցել Grand Candy/Grand Tobacco կոնգլոմերատում, մինչեւ Սարգսյանի կողմից ճնշման արդյունքում այն վաճառեց Հրանտ Վարդանյանին: Նա, հնարավոր է, նաեւ խոշոր բաժնետեր է Հայկական զարգացման բանկում, թեեւ մեր աղբյուրն այս տեղեկատվության հարցում այնքան էլ վստահ չէր: Ըստ տեղեկությունների, նա կազինո ունի Ռուսաստանում: Մեր աղբյուրը Նեմեց Ռուբոյին անվանեց նարկոթրաֆիկով զբաղվող մարդ:

14. ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ– մեզ տեղեկացնում են, որ Հրանտ Վարդանյանը իր որդու եւ բիզնես գործընկերոջ՝ խորհրդարանի պատգամավոր Միքայելի հետ միասին Հայաստանի ամենահարուստ մարդն է: Մասնագիտացված լինելով ծխախոտի մշակման գործում՝ նա վերահսկում է Grand եւ Masis Tobacco ընկերությունները, ինչպես նաեւ հայտնի Grand Candy ընկերությունը, որն արագորեն ընդլայնում է իր ապրանքների եւ խանութների ցանցը մայրաքաղաքում: Նա ֆինանսապես աջակցում է տեղի իրանագիտական «Արյա» համալսարանին եւ, ըստ տեղեկությունների, հետաքրքված է Իրանի հետ Հայաստանի առեւտրային կապերի ընդլայնմամբ: Նախկինում նա հավասարապես հավատարիմ էր թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ Ռոբերտ Քոչարյանին, սակայն այժմ դարձել է միմիայն Սարգսյանի դաշնակիցը:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԲՈՒՐԳԸ

15. ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ («ԴՈԴԻ ԳԱԳՈ»)– Այս օլիգարխը, որն այնքան հավատարիմ է Քոչարյանին, որքան Միկա Բաղդասարովն ու Նիկոլայ Բարսեղը` Սարգսյանին, նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարն է: (Ծանոթագրություն – Մենք նաեւ լսել ենք այն վարկածը, որ Ծառուկյանի ակտիվների ու բիզնեսների զգալի մասն իրականում պատկանում է Քոչարյանին, մինչդեռ Ծառուկյանն ընդամենը դրանց գրանցված սեփականատերն է: Անկախ նրանից` սա ճիշտ է, թե ոչ, պարզ է, որ Ծառուկյանն այս բարձրության չէր հասնի առանց Քոչարյանի աջակցության): Ծառուկյանին է պատկանում ալկոհոլի տեղական արտադրության մեծ մասը` հիմնավորապես Երեւան/Նոյ կոնյակի եւ գինու գործարանի միջոցով՝ չնայած այն բանին, որ մրցակիցը՝ ֆրանսիական կոնգլոմերատի պատկանող «Արարատ» կոնյակի գործարանն ամբողջովին անկախ է: Իր ակտիվների լայն ցանկից զատ՝ Ծառուկյանին է պատկանում Հայաստանի երկրորդ ամենախոշոր ցեմենտի գործարանը՝ «Արարատ Ցեմենտը»:

16. ՍԵԴՐԱԿ ՔՈՉԱՐՅԱՆ– Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակը տարբեր բիզնեսներ է վերահսկում: Ըստ տեղեկությունների, նրան են պատկանում «Կոնվերս» եւ «Արդշինինվեստ» բանկերը: (Ծանոթագրություն – «Կոնվերս» բանկը պաշտոնապես պատկանում է արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանին, որին պատկանող ընկերությունը նաեւ կառավարում է Երեւանի եւ Գյումրիի օդանավակայանները, եւ որը անցյալ տարեվերջին գնեց Հայաստանի փոստային ծառայությունը՝ «Հայփոստը»: Չնայած համարվում է, որ Էռնեկյանը Քոչարյանի հետ մտերիմ է, եւ միանգամայն հավանական է, որ Քոչարյանը կամ իր որդին «Կոնվերս» բանկում բաժնեմաս ունեն, մենք դա լիովին հաստատել չենք կարող: Սեդրակին է նաեւ պատկանում «Toyota»-ի ներկայացուցչության եւ բջջային հեռախոսների դե ֆակտո մենաշնորհի մեկ երրորդը (այլ մեկ-երրրոդ բաժին պատկանում է փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, իսկ մյուսը՝ «հ2» հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին): Արմեն Գեւորգյանն ի սկզբանե Քոչարյանի մարդն էր, աշխատում էր որպես վերջինիս աշխատակազմի ղեկավար, սակայն այնուհետեւ Սարգսյանի նախագահության ժամանակ նշանակվեց փոխվարչապետ: Ինչ վերաբերում է Մայրապետյանին, մեզ համար պարզ չդարձավ՝ արդյոք նա Քոչարյանին հավատարիմ մարդկանցի՞ց է, թե՞ շահութաբեր գործարքներին մաս կազմող Սերժ Սարգսյանի մարդ:

17. ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ– Տրանսպորտի եւ հեռահաղորդակցության նախկին նախարար (եւ 1999թ. խորհրդարանական կրակոցների զոհ՝ երեւացող սպիացած դեմքով) Մանուկյանը ավանդաբար Քոչարյանի դաշնակիցն էր, սակայն վերջերս ավելի է մոտեցել Սերժ Սարգսյանի շրջանակին եւ միգուցե հավատարիմ է երկուսին էլ: Մեր աղբյուրը նրան անվանեց Հայաստանի «իրապես հարուստ մարդկանցից մեկը», որը միշտ «իշխանություն ունի»: Մանուկյանին է պատկանում ռուսական «Լադա» ավտոմեքենաների ներկրման ու վաճառքի մենաշնորհը, որը շարունակում է մնալ հայկական ավտոշուկայի ծաղկող հատվածը, քանի որ այդ փոքրիկ մեքենաները գնային առումով մատչելի են, վերանորոգումն էժան է: Մանուկյանը նաեւ բաժնեմաս ունի «Վիվասել ՄՏՍ» բջջային հեռախոսակապի ծառայության մեջ: Նրան է պատկանում քաղաքի կենտրոնում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցը, ինչպես նաեւ ավելի փոքր բիզնեսների մի լայն շրջանակ: Մանուկյանի որդիները վերահսկում են «Ford», «Nissan» եւ «Renault» մեքենաների ներկրումը եւ, ըստ մեր աղբյուրի, նրանք այդ բիզնեսից բաժնեմասեր են հատկացրել Սերժ Սարգսյանին:

18. ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ– Խորհրդարանի խոսնակը վերահսկում է իր սեփական բիզնես կայսրությունը, որը նախկինում լինելով քոչարյանական բուրգի մի մասը, այժմ ինքնուրույն է աճում: Աբրահամյանը Հայաստանի այն միակ մարզից է, որ ունի կենսունակ, զգալի մասշտաբների հասնող ագրոբիզնես, որն էլ գրեթե ամբողջությամբ պատկանում է նրան (միջնորդների միջոցով, իհարկե): Նրան են պատկանում «ArtFood» ընկերությունը, որը Հայաստանում մթերքի վերամշակման առաջատար ընկերությունն է, ինչպես նաեւ ալկոհոլային խմիչքների բազմաթիվ գործարաններ: Աբրահամյանինն է նաեւ Հայաստանի մշակվող հողերի զգալի մասը եւ դրանցից ստացվող արտադրանքը:

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ԱԿՏԻՎՆԵՐ

19. Մեր աղբյուրը մեզ տեղեկացրեց, որ Սարգսյանն ու Քոչարյանը զգալի չափերի եկամուտներ են կիսում բազմաթիվ պետական եւ բիզնես եկամուտների հոսքերից: Չնայած՝ պարզ չէ, թե իրականում նրանք ինչքան գումարներ են կիսում, սակայն հանգիստ կարելի է ենթադրել, որ այս եկամուտների աղբյուրները ներառում են մաքսային գումարներ, կաշառքներ եւ այլ ապօրինի վճարումներ: Ճանապարհային ոստիկանությունը, վարորդներից տուգանքներ կորզելով, որոնք այնուհետեւ, ըստ հիերարխիայի, ուղարկվում են վերեւ, նախկինում վերահսկում էր պաշտպանության փոխնախարար, «Երկրապահի» ղեկավար գեներալ Մանվել Գրիգորյանը, որը համարվում էր Քոչարյանի մարդը: Գրիգորյանը, սակայն, անցյալ տարվա նախագահական ընտրություններից հետո ոչ հրապարակայնորեն իր հավատարմությունը հայտնեց Տեր-Պետրոսյանին եւ հետեւաբար զրկվեց իր շատ ակտիվներից: Այժմ մեզ տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանն է վերահսկում ճանապարհային ոստիկանության եկամուտների հոսքը, մինչդեռ, դրա հետ մեկտեղ, հանրային ելույթներ է ունենում նմանատիպ չարաշահումների դեմ: Սարգսյանը եւ Քոչարյանը, ըստ տեղեկությունների, սեփականատիրական շահեր ունեն «Վիվասել ՄՏՍ» եւ «Բիլայն» (Արմենթել) բջջային հեռախոսակապի ընկերություններում:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

20. Մենք նորից զգուշացնում ենք, որ բացի մեր կողմից ներառված մեկնաբանություններից, այս փաստաթղթի մեջ նշվող ողջ նյութը ստացվել է մեկ անհատից, որը ավելի շատ ընդդիմադիր կեցվածք ունի, քան հակառակը, սակայն նա նաեւ լավ կապեր ունի թե՛ կառավարական, թե՛ ընդդիմադիր գործիչների հետ: Նա ընդհանուր առմամբ եղել է տեղեկատու եւ վստահելի զրուցակից, սակայն անկասկած ունի նաեւ սեփական խնդիրներ (օրինակ՝ հարկային, մաքսային եւ ոստիկանական) եւ որոշ դեպքերում հնարավոր է նշեր չափազանցություններ: Դրանով հանդերձ, այն ամենն, ինչ այստեղ ներկայացրել ենք, քիչ թե շատ համապատասխանում է քաղաքականության եւ բիզնես տրամախաչման մասին պատկերացմանը: Մենք կշարունակենք լրացուցիչ աղբյուներ փնտրել՝ այս տեղեկատվությունը վաշինգտոնյան վերլուծաբանների համար հավաստի դարձնելու նպատակով:

Մարի Յովանովիչ

Թարգմանությունը՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ օրաթերթի

15 Սեպտեմբեր, 2011,

http://armtimes.com/hy/read/27991

ԴԻՏԵԼ