«Սորոսի ուղերձը Փաշինյանին. Հայաստան, դռներդ բացիր, փորձանքն է եկել»







Օրերս EurAsia Daily առցանց պարբերականը ծավալուն անդրադարձ էր կատարելՀայաստանում Ջորջ Սորոսի ֆինանսավորմամբ գործունեություն ծավալող մի շարք գործիչների ու կառույցների գործունեությանն ու քաղաքական գործընթացներում ներգրավված լինելուն: Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

Ամերիկացի միլիարդատեր, «Սորոս» հեջ-ֆոնդի նախագահ, «Քաղաքացիական հասարակության հիմնադրամի» հիմնադիր Ջորջ Սորոսը Հայաստանի քաղաքացիական հասարակությանն օժանդակելու անհրաժեշտության մասին հայտարարություն է արել:

«Երկրի ժողովրդավարական ներկայի և ապագայի համար Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցությունը կենսական անհրաժեշտություն է»,- իր Twitter-ում գրել է Սորոսը՝ գրառմանը կցելով «Քաղաքացիական հասարակության հիմնադրամի» կայքում հրապարակված «Ինչպես կարող են ԱՄՆ քաղաքականություն որոշողներն աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը»:

Թե ինչով է հղի սորոսյան «Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցությունը», փայլուն տեղյակ է առաջին հերթին Հայաստանի գործող իշխանությունն՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Մնում էր՝ նրանք չիմանային այդ մասին: Մենք էլ մեր հերթին իրավունք են վերապահում մեզ՝ բացահայտել մի շարք մանրամասներ հասարակական կազմակերպությունների գործունեությունից, որ իրականացվում է Ջորջ Սորոսի փողերով, որպեսզի մատնացույց անենք, թե «ուժեղ» հարվածը որ ուղղություններով է լինելու:

«Բաց հասարակության հիմնադրամներ — Հայաստան» կազմակերպության գործունեությունը

«Բաց հասարակություն» հիմնադրամը, որը հայտնի է նաև «Սորոսի հիմնադրամ» անվամբ, Հայաստանում գործունեությունը սկսել է 1997 թվականից: Այդ ժամանակվանից սկսած հիմանդրամը 200-ից ավել կազմակերպությունների տրամադրել է ընդհանուր առմամբ 48 միլիոն դոլարի դրամաշնորհներ՝ հիմնականում կանանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության հայտնաբերման, ազատ մամուլի, հետաքննական լրագրության զարգացման, դիտորդական առաքելությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման, նմանատիպ այլ կարևոր ու հրատապ թիրախային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր իրականացնելու համար: Բայց այն ամենն, ինչով «Բաց հասարակություն» հիմնադրամն ու իր գրասենյակը զբաղված են Հայաստանում, ոչ մի կերպ չի նպաստում կազմակերպության հռչակած սկզբունքների իրացմանը: Հիմնադրամի հետ ամենաակտիվ կերպով համագործակցող կազմակերպություններն ու առանձին անհատներ աչքի են ընկել ներքաղաքական գործընթացների ու հասարակական տրամադրությունների վրա ազդելուն միտված գործունեությամբ: Այդ կազմակերպություններն են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական-հասարակական կազմակերպությունը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը:

Այս կազմակերպություններն իրենց ողջ գործունեության ընթացքում հիմանդրամից ստացած հարյուր հազարավոր, իսկ առանձին դեպքերում նույնիսկ միլիոնավոր դոլարները ծախսել են ոչ թե իրենց հռչակած նպատակներն իրացնելու, այլ Հայաստանում քարոզչություն և հակաքարոզչություն վարելու, մի շարք մասնագիտական հասկացությունների ընկալումն աղավաղելու, այս կամ այն հանրային գործողության վրա ազդելու համար: Այս կազմակերպությունների գործունեության հիմնական հատվածը եղել է տարբեր արտաքին ու ներքին քաղաքական ուղղություններով քարոզչությունն ու հակաքարոզչությունը, ինչպես նաև 2018 թվականի ապրիլ-մայիսին իշխանափոխությանը հնարավոր բոլոր միջոցներով նպաստելը:

Այս կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ ու Սորոսի հիմանդրամի կողմից ֆինանսավորվող տարբեր անհատներ իշխանափոխությունից հետո պետական տարբեր պաշտոններ զբաղեցրեցին:

Հատկանշական է, որ այս կազմակերպությունները, բացի այն, որ ֆինանսավորվել են մեկ հիմնադրամից, իրենց ողջ գործունեության ընթացքում միմյանց հետ փոխկապակցված են եղել, իրականացրել են համատեղ ծրագրեր, արտաքին ու ներքին քաղաքական տարբեր հարցերի վերաբերյալ նույնական գնահատականներ են հնչեցրել: Էլ ավելի հատկանշական է այն, որ այդ թվում իրենց ջանքերով տեղի ունեցած իշխանափոխությունից հետո այս կազմակերպությունները 2018 թվականի դեկտեմբերին համատեղ մշակեցին «Հայաստանի Հանրապետության վերականգնմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների» հայեցակարգ (ճանապարհային քարտեզ), որը այնպիսի ուշագրավ դրույթներ է պարունակում, ինչպիսիք են «Նախորդ ռեպրեսիվ ռեժիմի քննում և ներկա դրության գնահատում», «Դատական իշխանության կադրային կազմի փոփոխությունը՝ որպես ոչ լեգիտիմ նախագահների կողմից նշանակված գործիքակազմի կազմաքանդում», «Անցումային արդարադատություն» և այլն: Բացի այդ, դեկտեմբերի 19-ին նրանք հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ պնդելով, որ անհրաժեշտ է մշակել անցումային արդարադատության ռազմավարություն:

ԲՀՀ-Հայաստանի գործունեության փոքր-ինչ ուսումնասիրությունն ի հայտ է բերում «Armenia’s Democratic Awakening is a warning to authoritarians everywhere» խորագրով հոդվածը, որտեղ հիմնադրամի հայկական գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը մեծ ոգևորությամբ ընդգծում է «ավտորիտար ղեկավարի կառավարման ավարտը»: Փաստը, որ այսքան երկար ժամանակ քաղաքական այլախոհություն ցուցաբերած կազմակերությունը գործել է «ավտորիտար երկրում» ու չի փակվել, զարմանալի է: Հատկանշական է, որ Լարիսա Մինասյանն անձամբ է որոշում հիմնադրամից դրամաշնորհներ ստացող անձանց ու կազմակերպություններին: Բայց նրա դերակատարությունն այդքանով չի սահմանափակվում: Լարիսա Մինասյանը վճռորոշ ազդեցություն ունի նաև արևմտյան այլ կառույցների կողմից Հայաստանում դրամաշնորհներ հատկացնելու գործում:

Սորոսի հիմնադրամը երկար ժամանակ բավականին խոշոր դրամաշնորհներ է տրամադրել անձանց, ովքեր այսօր պաշտոններ են զբաղեցնում իշխանության վերին օղակներում: Սոս Ավետիսյանն, ով աշխատել է որպես հիմնադրամի քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված ծրագրերի պատասխանատու, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով դարձել է խորհրդարանի պատգամավոր: Հովհաննես Հովհաննիսյանը, ով իշխանափոխությունից հետո զբաղեցնում էր կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնը, իսկ այժմ էլ Ազգային ժողովի պատգամավոր է, հիմնադրամի լիակատար ֆինանսավորմամբ հրատարակել է այնպիսի աշխատություններ, ինչպիսիք են «Գերեզմանոցներ, դիակիզարաններ, թե այլ լուծումներ», «Հայոց եկեղեցու պատմության դպրոցական դասագրքերի բովանդակային վերլուծությունն ու դրանց ազդեցությունը երիտասարդ սերնդի վրա»: Արևիկ Անափիոսյանը, ով զբաղեցնում է կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնը, իր հասարակական կազմակերպության շրջանակներում երկար ժամանակ ֆինանսավորվել է Սորոսի հիմնադրամից: Միայն անցած երկու տարվա ընթացքում այդ կազմակերպությունը Սորոսի հիմնադրամից 158 000 դոլար է ստացել, մոտ 38 000  դոլար էլ՝ այլ կազմակերպությունների հետ իրականացվող համատեղ ծրագրերի համար: Գայանե Աբրահամյանը, ով պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, որպես «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ երկար ժամանակ ֆինանսավորվել է հիմնադրամի երևանյան գրասենյակի կողմից, իսկ միայն վերջին երկու տարիների ընթացքում ստացել է մոտ 210 հազար դոլարի դրամաշնորհ: Թագուհի Ղազարյանը, ով ասոցացվում է Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող մի շարք կազմակերպությունների հետ, պատգամավոր է դարձել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով: Իսկ «Բաց հասարակություն — Հայաստան» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանը հանդիսանում է Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբայրը:



Ինչով էին վերջին տարիներին զբաղված վերը հիշատակված կազմակերպություններն ու ուր էին ուղղվում նրանց հսկայական ֆինանսական միջոցները:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

1999 թվականին հիմնադրված Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն իր նպատակ է հռչակել «արտահայտման, մամուլի ու տեղեկատվության ազատության պաշտպանությունը»: Ակումբը, հիմնադիրներն ու մասնագետները զբաղված են «լրագրողների, ԶԼՄ-ների ու քաղաքացիական մի շարք խբերի շահերի պաշտպանությամբ»:

Ակումբի պաշտոնական կայքի համաձայն՝ «ակումբի տարեկան բյուջեն մոտավորապես 120-135 մլն դրամ է (2011-2015 թթ.), որը ձևավորվում է 4-8 ծրագրերի դրամաշնորհային միջոցներից»: Արդեն երկար տարիներ ակումբին օժանդակություն ցուցաբերող գործընկերներն են «Բաց հասարակություն հիմնադրամ-Հայաստանը», ԱՄՆ դեսպանատունը, Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, Եվրամիությունը, «Քաունթերփարթ ինթերնեյշնըլը» և այլոք»:

Սորոսի հիմնադրամի կողմից կազմակերպությունը միայն 2017-2018 թվականներին տարբեր դրամաշնորհային ծրագրերով ստացել է մոտ 749 000 դոլար:

Ինչի վրա են ծախսվել այդ գումարները կամ ինչ ծրագրեր է իրականացրել կազմակերպությունն իրականում:

Կազմակերպության խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հայտնի է նախորդ իշխանությունների դեմ իր պայքարով, «Սասնա ծռեր» խմբավորմանն աջակցությամբ, ինչպես նաև Հայաստանի լրագրողների «շահերի պաշտպանությամբ»: Լևոն Բարսեղյանը 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած գործընթացների առաջնագծում էր՝ «հեղափոխության» առաջնագծում: Կազմակերպությունը հետևողականորեն իրականացնում էր հակառուսական ագիտացիա, ինչպես նաև իշխանամետ լինելու համար քննադատում էր Հանրային հեռուստատեսությանը: Սակայն այսօր, երբ Առաջին ալիքը շարունակու է գործել նույն ոճով, սպասարկելով գործող իշխանությանը, Լևոն Բարսեղյանն ու նրա հետ կապակցված կառույցները լռում են: Օրվա իշխանություններին որակելով ապօրինի ու հանցավոր՝ ակտիվ հակաքարոզչություն էր իրականացվում նաև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ: Իսկ 2016 թվականի հուլիսին Լևոն Բարսեղյանը հանդես էր գալիս ի պաշտպանություն պահակա-պարեկային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման: Հարկ է նաև նկատել, որ երբ իշխանափոխությունից հետո ստուգումներ էին սկսվել Yerevan.today տեղեկատվական գործակալությունում, երբ ոստիկանությունն այցելել էր Aysor.am և News.am գործակալությունների խմբագրություններ, Լևոն Բարսեղյանը լրագրողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկել: Այս հարցերի վերաբերյալ Լևոն Բարսեղյանի ոչ մի գրառում հնարավոր չէ գտնել: Ազատ հեռուստատեսությունը, լրագրողների ու լրատվամիջոցների պաշտպանությունն իր նպատակ հռչակած Լևոն Բարսեղյանը գործող իշխանության օրոք առհասարակ չի անդրադառնում ստեղծված իրավիճակին՝ դրանով իսկ կասկած առաջացնելով առ այն, որ ինքն ու իր գլխավորած կազմակերպությունը իր ողջ գործունեության ընթացքում զբաղված են եղել նախորդ իշխանությունների դեմ հակաքարոզչություն իրականացնելով:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական-խորհրդատվական կազմակերպություն

Հիմնադրվել է 2014 թվականին: Սորոսի հիմնադրամից դրամաշնորհներ սկսել է ստանալ 2016 թվականից: Իր գործունեության 4 տարիների ընթացքում կազմակերպությունը տարբեր հիմնադրամների կողմից ստացել է մոտ 590 000 դոլար արժողությամբ դրամաշնորհներ, ըստ որում՝ այդ գումարի մոտ կեսը (մոտ 289 000 դոլար)՝ անցած երկու տարիներին Սորոսի հիմնադրամի կողմից: 2016 թվականին կազմակերպությունը ստեղծել է զանգվածային լրատվամիջոց՝ «Փաստերի ստուգման հարթակ» անվամբ:

Չնայած այն հանգամանքին, որ կազմակերպությունն իր նպատակ է հռչակել կարևոր հարցերում քաղաքացիների տեղեկացվածության մակարդակի բարձրացումն ու ապատեղեկատվության ու դրա ազդեցության դեմ պայքարը, այդուհանդերձ կազմակերպության գործունեության ուսումնասիրությունն ակնհայտ է դարձնում, որ կազմակերպությունը, պատրաստելով ու տարածելով մանիպուլյատիվ բնույթի հրապարակումներ ու տեսանյութեր, ինքն է տարիներ շարունակ զբաղված եղել ապատեղեկատվության տարածմամբ: Կազմակերպության կայքում նշվում է, որ իրենց հրապարակումները վերաբերում են արտաքին քաղաքականությանն ու դրան առնչվող հարցերին, մինչդեռ այդ ոլորտի հետ կապված հրապարակումների ու տեսանյութերի մեծ մասը հանդիսանում են հակառուսական քարոզչություն:

Կազմակերպությունը հակառուսական քարոզչություն իրականացրել է իր ստեղծման օրվանից, և այդ քարոզչությունն ունեցել է մի քանի թիրախ. Մաքսային միություն, ՀԱՊԿ, Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա:



Հայաստանի իշխանությունները 2013 թվականին որոշում կայացրեցին միանալ Մաքսային միությանը: Այս համատեքստում «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ձեռնամուխ եղավ Հայաստանի մարզերում իրականացնել բազմաթիվ միջոցառումներ (սեմինարներ, հրապարակումներ ու տեսանյութեր) ու ներկայացնել Մաքսային միության վերաբերյալ բացասական փաստեր, քննադատել նախորդ իշխանությունների որոշումը:

ՀԱՊԿ-ն ևս մշտապես թիրախի տակ էր. Կազմակերպությունը ներկայացվում էր որպես ձևական կառույց, որը ոչ մի կերպ չի նպաստում Հայաստանի անվտանգության ապահովմանը:

Ինչ վերաբերում է 102-րդ ռազմաբազային, պատրաստվել են հրապարակումներ ու տեսանյութեր՝ բազայում տեղի ունեցած իրավախախտումների, բազայի զինծառայողների կողմից իրականացված սպանությունների մասին:

2016 թվականին կազմակերպության անդամներն իրականացրել են փորձի փոխանակում ուկրաինական www.stopfake.org նախաձեռնության հետ, որի գործունեություն ուսումնասիրությունից պարզվում է, որ վերջինիս հիմնական նպատակ է հռչակված «ռուսական քարոզչության դեմ պայքարը»:

Հատկանշական է, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության գործունեությունը՝ կախված երկրի քաղաքական գործընթացներից, պարբերաբար տրանսֆորմացվում է: Ամենատպավորիչը, հավանաբար, 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն է, որից հետո կազմակերպության գործունեությունը տրանսֆորմացվեց:

Եթե նախկինում կազմակերպությունն ուշադրության կենտրոնում էր պահում նախորդ իշխանությունների բացթողումներն ու դրանք ներկայացնում էր բացասական շեշտադրումներով (այդ թվում՝ Մաքսային միությանը միանալու, ՀԱՊԿ-ին անդամակցելու նախորդ իշխանությունների որոշումները), ապա այսօր այն աչք է փակում գործող իշխանությունների խայտառակ սխալների վրա, ավելին՝ թիրախավորելով ներկայիս իշխանությունների քննադատներին՝ հանդես է գալլիս իշխանության «փաստաբանի» դիրքերից:

Երբ 2018 թվականի ամռանը Հատուկ քննչական ծառայությունը Հայաստանի Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մեղադրանք առաջադրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, շրջանառության մեջ դրվեց «Արտաքին քաղաքականությունն ու էներգետիկ ոլորտը՝ Քոչարյանի օրոք» վերնագրով տեսանյութ, որին հետևեցին Ռոբերտ Քոչարյանին վերաբերող, ինչպես նաև Յուրի Խաչատուրովի անձեռնմխելիության վերաբերյալ մի շարք հրապարակումներ:

Հատկանշական է նաև, որ կազմակերպությունը տարիներ շարունակ դիտորդական առաքելություններ է իրականացրել համապետական ու տեղական ընտրություններում ու մշտապես հանդես է եկել խախտումներն արձանագրելու ու հանրայնացնելու դիրքերից: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ընտրություններում ևս իրականացվել է դիտորդական առաքելություն, սակայն գործնականում ընտրախախտումներ չեն արձանագրվել, չնայած որ ընտրությունների մասնակից 11 քաղաքական ուժերը պարբերաբար տեղեկություններ են հայտնել և ուշադրություն են հրավիրել բազմաթիվ ընտրախախտումների ու վարչական ռեսուրսի կիրառման վրա:

Հարկ է ընդգծել, որ 2018 թվականի հունվարին՝ իշխանափոխությունից ընդամենը 3 ամիս առաջ, կազմակերպությունը քաղաքացիական շարժումներին մասնակցելու նպատակով 50 լրագրողներ ու 75 ակտիվիստներ պատրաստելու համար Սորոսի հիմնադրամից շուրջ 81 000 դոլար է ստացել:

Կազմակերպության ստացած դրմաշնորհների պատմության ուսումնասիրությունը վկայում է, որ «Փաստերի ստուգման հարթակ» ԶԼՄ-ն ամբողջությամբ գործում է «Բաց հասարակություն հիմնադրամի» դրամաշնորհների հաշվին: Այս ծրագրի համար կազմակերպությունը հիմնադրամից ստացել է դրամաշնորհներ 2017 թվականին՝ 35 000 դոլար, 2018-ի հունվարին՝ 80 000 դոլար, նույն տարվա հունիսին՝ 91 000 դոլար, իսկ հոկտեմբերին՝ 67 500 դոլար:

Այս հարթակի ստեղծումից հետո, որը պետք է ծառայեր իրական փաստերի վերհանման ու կեղծիքի բացահայտման գործին, կազմակերպությունը սկսել է էլ ավելի ակտիվ իրականացնել հակառուսական քարոզչություն՝ ԵԱՏՄ, Հայաստանում 102-րդ ռազմաբազայի, ինչպես նաև  նախորդ իշխանությունների դեմ ուղղված հակաքարոզչություն և գործող իշխանությունների սատարման քարոզչություն: Անհրաժեշտ է նշել, որ հիմնադրամից կազմակերպության ստացած միջոցների կեսից ավելին տրամադրվել են Հայաստանում իշխանափոխությունից հետո, իսկ դրանց հիմնական խնդիրը եղել է այդ հարթակի գործառնումը:

Այս կազմակերպության ողջ անձնակազմն ու Սորոսի հիմանդրամի հետ նրա կապող անձը՝ Դանիել Իոաննիսյանը, եղել են իշխանափոխության գործընթացի ակտիվ մասնակիցներ: Նրանք ոչ միայն անձամբ են մասնակցել ապրիլյան հանրահավաքներին, այլև իրենց տիրապետության տակ եղած հարթակներն օգտագործել են գործող իշխանությունների դեմ ատելություն տարածելու, իսկ ապրիլի 23-ից հետո՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո՝ Նիկոլ Փաշինյանի օգտին քարոզչություն իրականացնելու նպատակով: Կազմակերպության փաստացի ղեկավար Դանիել Իոաննիսյանն իշխանափոխությունից հետո նշանակվել էր կառավարությանը կից ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար:



Ուշադրության արժանի է նաև այն հանգամանքը, որ իշխանափոխությունից հետո կազմակերպության մի շարք աշխատակիցներ հանգրվանել են պետական պաշտոններում: Օրինակ, «Փաստերի ստուգման հարթակի» խմբագիրներից Ռաֆայել Աֆրիկյանը ներկայումս աշխատում է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում: Սոնա Ղազարյանը, ով կազմակերպությունում զբաղվում էր մեդիա-մոնիտորինգով, այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Կազմակերպությունը հիմնադրվել է 1998 թվականին, իսկ պետական գրանցում ստացել է 2001 թվականին: Նրա դոնորներն արևմտյան կառույցներն են, բայց ամենաշատ դրամաշնորհները կազմակերպությունը սկսած 2006 թվականից ստացել է Սորոսի հիմնադրամից: Հիմնադրամից ստացված ընդհանուր միջոցներն այսօրվա դրությամբ կազմում են 1 026 169 դոլար: Բացի այդ, այդ նույն հիմնադրամից այլ կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի իրականացման համար Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա- Վանաձոր (ՀՔԱՎ) կազմակերպությունը ստացել է 82 300 դոլար, ևս 9070 դոլար արժողությամբ դրամաշնորհ ստացել է կազմակերպության Սպիտակի մասնաճյուղը:

Այսպիսով՝ միայն Սորոսի հիմնադրամից ՀՔԱՎ-ն ամսական ունեցել է մոտ 7 500 դոլարի ֆինանսավորում: Ստացված դրամաշնորհների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՔԱՎ-ն այդ գումարները ծախսել է մի քանի հիմնական ուղղություններով ծրագրերի իրականացման վրա: Դրանք են հետազոտությունները փակ և կիսափակ հաստատություններում (քրեակատարողական հիմնարկներ, հոգեբուժական հաստատություններ և այլն), հետազոտություններ բանակում, իրավապահ մարմիններում, մարդու իրավունքների խախտումների հայտնաբերում և իրավաբանական օժանդակության ցուցաբերում, ընտրությունների ժամանակ դիտորդության կազմակերպում: Մինչդեռ ՀՔԱՎ գործունեության ուղղություններն իրականում, այլ՝ ոչ թղթի վրա, էականորեն տարբերվում են հռչակված նպատակներից: ՀՔԱՎ-ը պարբերաբար անդրադարձել է բանակային կյանքի իրադարձություններին՝ դրանք ներկայացնելով անցանկալի լույսի ներքո և ամբողջովին անտեսելով դրական ձեռքբերումները: Նույնը կարելի է ասել քրեակատարողական հիմնարկներում ու իրավապահ մարմիններում տեղի ունեցած իրադարձությունների լուսաբանման մասին: Մարդու իրավունքների խախտման դեպքերին ՀՔԱՎ-ն անդրադարձել է ընտրովի, իսկ խախտումների առթիվ ողջ պատասխանատվությունը դրել է օրվա իշխանությունների վրա: Մի շարք հրապարակումների միջոցով ՀՔԱՎ-ը շրջանառության մեջ է դրել այնպիսի ոչ մասնագիտական ու մտացածին թեզեր, ինչպիսիք են Հայաստանի Հանրապետության «բռնապետական կառավարություն», «ռեպրեսիվ ռեժիմ», «քրեա-օլիգարխիկ համակարգ»: Այս թեզիսները պարբերաբար տարածվել են հանրության շրջանում տարբեր սեմինարների, կոնֆերանսների, տեսանյութերի, հրապարակումների, նույնիսկ ծավալուն հետազոտությունների միջոցով՝ ամեն կերպ սերմանելով ատելություն գործող իշխանությունների հանդեպ:

ՀՔԱՎ-ն ու նրա՝ իրեն իրավապաշտպան հռչակած նախագահ Արթուր Սաքունցը ջանք ու եռանդ չեն խնայել հանրության մեջ սերմանելու միտք, որ «Հայաստանում ստեղծված է մի իրավիճակ, երբ խնդիրների լուծման իրավական մեխանիզմներն, ըստ էության, չեն աշխատում, չեն գործում և քաղաքացիներին որպես վերջին միջոց իրապես մնացել է ընդվզումն այն իշխանությունների դեմ, որոնք ընդունում են այնպիսի օրենքներ, որոնք իրենց բնույթով հակաիրավական են»: Այս հայտարարությունն արվել է ի պաշտպանություն Հայաստանում հակառուսական գործունեություն ծավալած Շանթ Հարությունյանի՝ կապված 2013 թվականի նոյեմբերին տեղի ունեցած իրադարձությունների հետ: Նկատենք, որ Շանթ Հարությունյանը նախապես հայտարարել էր, որ մտադիր է պայթուցիչով լցոնված շշերով պայթեցնել նախագահի նստավայրը: Արթուր Սաքունցի կարծիքով՝  «դա տիպիկ ընդվզման օրինակ էր, որ մենք՝ քաղաքացիներս, արդեն որպես վերջին միջոցի պատրաստ ենք գնալու արդեն ընդվզման: Ընդհուպ մինչև ապստամբելու»:

ՀՔԱՎ-ը պարբերաբար հանդես է եկել քաղբանտարկյալներին նվիրված զեկույցներով՝ հանրությանը մատուցելով, թե Հայաստանում կա մեկ տասնյակից ավել քաղբանտարկյալ: 2013 թվականի հիշատակված իրադարձությունների առթիվ, նկատի ունենալով Շանթ Հարությունյանին ու ևս 13 հոգու, ովքեր ըստ Սաքունցի, «որպես վերջին միջոց՝ գնացել են  ընդվզման»,  Արթուր Սաքունցը հայտարարել է, որ Հայաստանը «քաղբանտարկյալների նոր խմբաքանակ» է ստացել:

2015 թվականի սեպտեմբերին «Քաղաքական բանտարկյալները Հայաստանում»խորագրի ներքո հրապարակվել է տեղեկանք, որտեղ որպես քաղբանտարկյալ են ներկայացվել 13 անձինք այն դեպքում, երբ միջազգային կառույցները Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին երբեք չեն բարձրաձայնել:

Մարդու իրավունքների կոնտեքստում ՀՔԱՎ մտացածին թեզիսներից է «զինված ապստամբության իրավունքը», որի առթիվ հրապարակվել է 195 էջանոց հետազոտություն՝ «Քաղաքացիական անհնազանդության իրավունքը մի շարք երկրների իրավական կարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում» անվամբ: Այս թեզն Արթուր Սաքունցն անընդհատ շրջանառել է տարբեր հարցազրույցներում ու հրապարակումներում, որոնցով «հիմնավորել» է, թե գոյություն ունի զինված ապստամբության իրավունք:

Հետաքրքիր է, որ այս հետազոտության հրապարակումից մեկ տարի անց՝ 2016 թվականի հուլիսի 16-ին Հայաստանում տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խմբավորման հարձակումը պահակա-պարեկային գնդի վրա ու երեք ոստիկանների սպանությունը: Հասկանալի է, որ այս ահաբեկչական գործողությունը զինված ապստամբության իրավունքի իրացում անվանելու ու այդ քարոզչական թեզը տարածելու գործառույթը ՀՔԱՎ-ն իր վրա վերցրեց: ՊՊԾ գնդի գրավումից օրեր անց՝ 2016 թվականի հուլիսի 29-ին, ՀՔԱՎ-ը մի շարք այլ կառույցների հետ հանդես եկավ միջազգային կառույցներին ուղղված հայտարարությամբ, որտեղ ասված էր, որ «Սասնա ծռերն» իրենց գործողություններով իրացրել են զինված ապստամբության իրենց իրավունքն ու ոստիկանների նախաձեռնած գործողություններն անհամաչափ են: Հատկանշական է, որ հայտարարության միացած կառույցները նույնպես ֆինանսավորվում են Սորոսի հիմանդրամի կողմից: ՀՔԱՎ-ը նաև տեղեկանք է հրապարակել ոստիկանության գործողությունների մասին՝ վերջինիս հակաահաբեկչական գործողությունները բնութագրելով որպես ամբողջությամբ անհամաչափ:

Ինչ վերաբերում է ընտրությունների դիտարկմանը, ապա այս կառույցը դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցում հանգել է եզրակացության, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր ընտրությունները կեղծված են եղել ու չեն ներկայացրել ժողովրդի կամարտահայտությունը: Ընտրախախտումների լուսաբանման հարցում Սաքունցը չափազանց ակտիվություն է դրսևորել:

2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Արթուր Սաքունցի ու իր գլխավորած ՀՔԱՎ գործունեության մեթոդաբանությունը փոխվեց: Սաքունցն ու իր թիմն ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին Սերժ Սարգսյանի դեմ ուղղված հանրահավաքներին, ինչից հետո հանձն առան Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության շահերի պաշտպանությունը: Իշխանափոխությունից հետո Սաքունցը հանդես եկավ անցումային արդարադատության անհրաժեշտության մասին պնդող հարցազրույցներով ու հրապարակումներով: Հատկանշական է, որ թեև Սաքունցը պնդում էր, որ Հայաստանում փոփոխություններ հնարավոր են միայն զինված ապստամբության միջոցով, իրականում իշխանափոխությունը Հայաստանում տեղի ունեցավ բացառապես խաղաղ ու Սաքունցի՝ «զինված ապստամբության իրավունքի» հաջող իրացման ցանկությունը մնած չիրականացված:

Իշխանափոխությունից հետո Սաքունցի գործունեությունն արմատական փոփոխություններ կրեց: Եթե նախկինում նա իրականացնում էր ակտիվ իրավապաշտպան գործունեություն ու լուսաբանում էր ձերբակալվածների ու քրեակատարողական հիմնարկներում գտնվողների իրավունքները, այդ իրավունքների խախտումները, և դա նրա գործունեության հիմնական ուղղությունն էր, ապա իշխանափոխությունից հետո ազատազրկման վայրերում գտնվող անձանց իրավունքների խախտումների մասին Սաքունցը ոչ մի հայտարարություն չի արել (օրինակ Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կիրռելու, ՔԿՀ-ում 44 օր շարունակ հացադուլ իրականացրած Մհեր Եղիազարյանի մահվան հարցերում):

Տպավորություն է ստեղծվում, որ Արթուր Սաքունցն ու իր թիմն իրենց առաքելությունը կատարել են ու մարդու իրավունքների ներկայիս խախտումներն իրենց հետաքրքիր չեն:

Transparency International հակակոռուպցիոն կենտրոն

2000 թվականին հիմնադրվել է «Զարգացման տարածաշրջանային կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը 2001 թվականին Transparency International (ԹԻ) համաշխարհային հակակոռուպցիոն շարժման ազգային մասնաճյուղի հավատարմագիր է  ստացել: 2008 թվականին կազմակերպությունը վերագրանցվել է որպես «Transparency International հակակոռուպցիոն կենտրոն»:

Կառույցը ֆինանսավորվում է արևմտյան բազմաթիվ դոնորների կողմից: 2001-2016թթ տարեկան հաշվետվությունների համաձայն՝ կառույցը ստացել է 5 660 000 դոլար ընդհանուր արժեքով դրամաշնորհներ: Միայն Հայաստանում Սորոսի հիմնադրամից կազմակերպությունը 2002-2018թթ ստացել է ավելի քան 840 000 դոլար, իսկ «Բաց հասարակություն — Բուդապեշտ» հիմնադրամից ավելի քան 1 200 000 դոլար:

Ունենալով հսկայական ֆինանսական միջոցներ՝ այս կառույցը տարիներ շարունակ զբաղվել է նաև նախորդ իշխանությունների դեմ քարոզչությամբ, «Սասնա ծռեր» զինված խմբավորման պաշտպանությամբ, կեղծված ու անարդար ընտրությունների մասին հրապարակումներով և այլն: Կազմակերպությունն ակտիվ կերպով համատեղ ծրագրեր է իրականացրել այն կառույցների հետ, որոնք իրենց հերթին ֆինանսավորվել են Սորոսի հիմանդրամի կողմից: 2011 թվականին ԹԻ և Սորոսի հիմանդրամի համատեղ նախաձեռնությամբ հիմնադրվել է Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ, «որը տրվում է անձանց, ովքեր աչքի են ընկել սկզբունքային ու համարձակ գործունեությամբ և իրենց նշանակալի ավանդն են ունեցել քաղաքացիական հասարակության զարգացման գործում»: Հետաքրքիր է, որ 2017 թվականին այդ մրցանակը տրվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին, ում սկզբունքները փոփոխվել են քաղաքական իրավիճակին համահունչ:

Երբ 2016 թվականին «Սասնա ծռեր» խմբավորումը գրավեց ՊՊԾ գունդը, որին հետևեցին հանրության մի հատված հանրահավաքներն ընդդեմ իշխանության, ի թիվս այլ կառույցների ու հասարակական կազմակերպությունների կազմակերպությունը, դատապարտելով «ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառումն ու բռնությունները», հայտարարեց խորհրդարանի արտահերթ նիստի անհրաժեշտության մասին և ոչ մի բառ երեք ոստիկանների սպանություն իրականացրած խմբավորման գործողությունների մասին:

Մարդու իրավունքների ու ժողովրդավարության ջատագով այս կաոռւյցն այսօր աչք է փակում խոսքի ազատության սահմանափակումների, տեղեկատվական դաշտի վրա հարձակումների վրա:

Այս ամենի համատեքստում անհրաժեշտ է ընդգծել, որ կազմակերպության բազմաթիվ անդամներ իշխանափոխությունից հետո պետական պաշտոններ են զբաղեցնում: Օրինակ, Լենա Նազարյանն, ով կառույցի ծրագրերի համակարգող էր, այսօր Ազգային ժողովի փոխնախագահ է: Կենտրոնի անդամներից Արայիկ Հարությունյանըկրթության և գիտության նախարարն է, Լիանա Դալթախչյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է, Վանուհի Մաթևոսյանն աշխատում է արդեն հիշատակված «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում, Սարհատ Պետրոսյանը ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահն է, Հերիքնազ Տիգրանյանն «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր է, Արտակ Մանուկյանը, ով կենտրոնում գնումների մասնագետ էր, նույնպես «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր է, Արմեն Գրիգորյանը, ով համակարգոմ էր կենտրոնի ընտրական ծրագրերը, իշխանափոխությունից հետո նշանակվեց Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար:

Այսպիսով՝ վերը նշված կազմակերպությունների փաստացի գործունեության ուսումնասիրությունը վկայում է, որ Սորոսի հիմնադրամն ու նրա կողմից հովանավորվող կազմակերպությունները Հայաստանում զբաղվել են ու շարունակում են զբաղվել հակառուսական քարոզչությամբ, նախկին իշխանությունների դեմ ուղղված քարոզչությամբ ու իշխանափոխության նպատակով ձեռնարկել են ցանկացած գործողություն, որն ուղղված է եղել երկրում իրավիճակի ապակայունացմանը, այդ թվում նաև՝ զինված հարձակումները: Իսկ իշխանափոխությունից հետո այդ կազմակերպությունները՝ պետական պաշտոններ զբաղեցնող իրենց անդամների հետ համատեղ, զբաղված են Նիկոլ Փաշինյանի օգտին քարոզչությամբ, անցումային արդարադատության անհրաժեշտության հիմնավորմամբ՝ թելադրելով Սորոսի օրակարգը թե արտաքին, թե ներքին քաղաքական գործընթացներում:

Թե ինչպիսին կլինի նոր դասավորությունը Ջորջ Սորոսի «ուժեղ աջակցության» նոր չափաբաժնից հետո, ժամանակը ցույց կտա: Արտաքին մարտահրավերների ու հիմնախնդիրների ծավալման պայմաններում ներկայումս ամենագետ նախկին լրագրողներից ու իրավապաշտպաններից բաղկացած «սորոսյան» կենսազանգվածի փոթորկումները բավականին տրագիկոմիկ տեսք ունեն: Գուցե արժե՞, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը առաջարկի, որպեսզի Երևանի սահմաններում քաղաքացիական հասարակության հիմնախնդիրների լուծմանը զուգահեռ Ջորջ Սորոսը մտածի նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ: Քանզի իր դարավոր՝ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը զարգացնելու երազանքն իրականացնելուն ուղղված մեկենասի բոլոր ջանքերն ու հսկայական ծախսերը, եթե բախվեն ղարաբաղյան լեռների պաշտպանական ամրություններին, կարող են հօդս ցնդել: Իսկ դա շատ, չափազանց ամոթ կլինի: Իր համար: Սորոսի համար: Իսկ Հայաստանի համար կլինի շատ, չափազանց շատ ցավալի:

http://politik.am/%D5%BD%D5%B8%D6%80%D5%B8%D5%BD%D5%AB-%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%80%D5%B1%D5%A8-%D6%83%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6/

ԴԻՏԵԼ