Նիկոլ Փաշինյանի լուրջ վրիպումը Գերմանիայում







Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի գրասենյակում ունեցած ելույթի ժամանակ նախորդ տարվա ապրիլին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը համեմատել է 70 տարի առաջ Գերմանիայում տեղի ունեցած իրադարձությունների հետ։

«Ազատության, արդարության և համերաշխության սկզբունքներն են ընկած Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի գործունեության հիմքում, և ես պատիվ ունեմ խոսելու այստեղ՝ դիտարկելով այն որպես խորհրդանշական և կարևոր իրադարձություն: Խորհրդանշական, քանի որ ինչպես և յոթ տասնամյակ առաջ Գերմանիան, այսօրվա Հայաստանը ժողովրդավարական վերափոխում է ապրում: Նաև խորհրդանշական, քանի որ նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ելնում էր Հիմնադրամի գաղափարներից և սկզբունքներից: Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցան պատմական փոփոխություններ: Մենք վերականգնեցինք ժողովրդավարությունը, որը չարաշահվել և խեղաթյուրվել էր այն ժամանակներից ի վեր, երբ մենք ընդվզեցինք կոմունիստական ռեժիմի դեմ: Այսօր ես հպարտ եմ, որ Հայաստանում ժողովրդավարությունն այլևս վտանգված չէ:



Այս դրական զարգացումների տրամաբանական գագաթնակետն անցյալ տարվա դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին: Դրանք միջազգային դիտորդական առաքելությունների կողմից գնահատվել են որպես միջազգային չափանիշներին համահունչ, ժողովրդավարական, ազատ, արդար և թափանցիկ: Ըստ իս, դրանք միակ չվիճարկված ընտրություններն էին 1991-ին՝ ԽՍՀՄ փլուզման նախօրեին կայացած ընտրություններից ի վեր: Այս վերջին ընտրություններն ամրապնդեցին մեր ձեռքբերումները և ապացուցեցին, որ մեր ժողովուրդը ժողովրդավարությանն այլընտրանք չի տեսնում:

Նոր Հայաստանը ներկայացնող քաղաքական ուժերը հաղթանակ տարան: Նախկին քաղաքական վերնախավը ներկայացնող ուժերը ճնշող մեծամասնությամբ մերժվեցին: Հայ ընտրողը մերժեց բոլոր նրանց, ում անուններն աղերսվում էին կոռուպցիայի, հիմնարար ազատությունների սահմանափակման, վատ կառավարման, տնտեսական անարդյունավետության և լճացման հետ»,- իր ելույթում նշել է ՀՀ վարչապետը և ավելացրել, որ գլխավոր խնդիրն այժմ քաղաքական ձեռքբերումները տնտեսականի վերածելն է։



Փաշինյանի այս ելույթին հակադարձել են ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նրանք անընդունելի են համարել Հայաստանի նախկին մինչհեղափոխական իրավիճակի համեմատությունը Գերմաիայի 70 տարի առաջվա իրավիճակի հետ, երբ այնտեղ ղեկավարում էր ֆաշիստական իշխանությունը՝ ի դեմս երկրորդ ռեյխի․ «Այսինքն, եթե Փաշինյանը զուգահեռ է անցկացնում իրենից առաջ եղած ՀՀ իշխանությունների և ֆաշիստական իշխանության միջև, նրան հարց եմ տալիս՝ կարելի՞ է դրանից ենթադրել, որ ֆաշիստական իշխանություններն են ազատագրել Արցախը, հաղթել երկու պատերազմում, ֆաշիստական իշխանությունների օրո՞ք է ինքը դարձել պատգամավոր, դաշինքի ղեկավար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Է. Շարմազանովը և ավելացրել, որ նրանք ովքեր պատմություն գիտեն, այս հայտարարությունը լսելուց հետո կա՛մ պետք է աչքերը չռեին, կա՛մ էլ մի բոլ ծիծաղեին։



«Որքա՞ն կոմպլեքսավորված պիտի լինես, որ արտերկրում վարչապետ հալով այդ կարեւոր խոսքի մի մասը նվիրես փնովելու նախորդ իշխանություններին։ Որքա՞ն հանցավոր կարճամիտ պիտի լինես, որ զուգահեռներ տանես մեր եւ նացիստական Գերմանիայի միջեւ։ Որքա՞ն անսկզբունքային պիտի լինես, որ դրանից անմիջապես հետո գովաս այդ նույն իշխանությունների կարեւր ձեռքբերումներից մեկը՝ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը»,- նույն հարցի առնչությամբ ՖԲ-ում գրել է Արմեն Աշոտյանը։

Սա այն է դեպքն է, որ իսկապես պետք է համաձայնել նախկին իշխանավորների հետ։ Արտասահմանյան այցերն ու արտաքին հեղինակավոր խոսափողները երկրի գործող իշխանության համար նախորդներին փնովելու հարթակներ չեն, դրանք պետք է օգտագործվեն փոխշահավետ երկխոսության և նոր արդյունավետ երկխոսություն ծավալալելու համար։ Մինչև անցած տարվա դեկտեմբերը նման դրսևորումները կարելի էր ինչ-որ տեղ հասկանալ, քանի դեռ Փաշինյանը ժամանակավոր կառավարության  ղեկավար էր։ Բայց այժմ նա Հայաստանի, ինչպես ինքն է նշել, բարձր լեգիտիմություն ունեցող վարչապետն է, գնացել է Գերմանիա նոր մակարդակի բարձրացնելու մեր հարաբերությունները։ Այդ նույն գերմանացիները, որ այսօր աշխարհի ամանառաջավոր տնտեսությունն ունեն /անցած տարվա տվյալներով՝ աշխարհում ՀՆԱ-ի աճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գերմանիայում/, ֆաշիստներին փնովելո՞վ են հասել նման ձեռքբերումների։

Վերջապես Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի հետ այսօր քննարկում է այն քաղաքական օրակլարգը, որն ստեղծվել է նախորդ իշխանությունների օրոք։ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, այո՛, ստորագրել են նախկին իշխանությունները, իսկ Փաշինյանը իշխանության գալուց անմիջապես հետո հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում փոխել երկրի արտաքին կուրսը։ Այդ դեպքում կարելի է ուղղակի հարցնել՝ տեսնես ի՞նչ մտածեցին գերմանացի ունկնդիրները, երբ տեղեկացան, որ իրենք նախկինում ֆաշիստական ռեժիմի հետ են համագործակցել։ Եվ վերջապես պետք է հասկանալ, որ նախկին ռեժիմին քննադատելը գործող իշխանության համար ամենավատ քաղաքական օրակարգն է․ պետք է հանգիստ թողնել նախկիններին և սկսել խոսել սեփական ծրագրերից։

Հայկ Դավթյան

http://hayeli.am/article/1144849

ԴԻՏԵԼ