Պատերազմի քաղաքական բանալիները. Վարչապետը փոխում է փականը







Խորհրդարանը կստեղծի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, լրագրողներին ասել էր կառավարող մեծամասնության խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Դա կասկած չէր հարուցում, այլապես հազիվ թե այդ հանձնաժողովի անհրաժեշտության մասին հիշատակումը Նիկոլ Փաշինյանը ներառեր իր հայտնի ելույթում:

Ավելին, մեծ հավանականությամբ հնարավոր է ասել, որ իրավիճակի հասունացումը գործնականում անհրաժեշտ էր հենց այդ որոշման համար, ոչ թե դատաիրավական համակարգի, որտեղ խնդիրների լուծման առումով նախատեսվող քայլերն իրենց իրավա-քաղաքական տրամաբանությամբ այդքան էլ անհրաժեշտ չէին համարում հանգուցալուծման այդօրինակ անտուրաժը: Այդ անտուրաժն անհրաժեշտ էր առավել կարեւոր եւ առանցքային նշանակություն ունեցող քաղաքական որոշման համար, որպիսին ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքն է:

Դա ամենեւին չի նշանակում, որ դատական իշխանության հարցը կարեւոր չէ: Սակայն գործնականում խնդիրն այն է, որ այդ հարցն ինքնին տեղավորվում է Հայաստանի հետհեղափոխական ոչ միայն ներքին մարտահրավերների եւ ռիսկերի, այլ լայն ռազմա-քաղաքական անհրաժեշտությունների եւ անվտանգային միջավայրի համատեքստում: Դա խնդիր է, որով զբաղվում է նոր իշխանությունը, մասնավորապես վարչապետ Փաշինյանը այդ պաշտոնում հայտնվելուց գործնականում անմիջապես հետո:



Խոշոր հաշվով այստեղ խնդիրը լոկ ներքին դաշտում հեղափոխություն-հակահեղափոխություն դիմակայությունը կամ դիլեման չէ, լինի դա պայմանական, հարաբերական, թե ուղիղ իմաստով: Ներկայում առկա է աշխարհքաղաքական լայն եւ բազմավեկտոր դիմակայությունների չափազանց աշխույժ մի փուլ, որն անկասկած իր ռիսկերով ու մարտահրավերներով խիստ զգայուն է հատկապես այնպիսի բարդ ռեգիոնում, որտեղ Հայաստանն է:

Այդ համատեքստում, Հայաստանին հաջողվել է արձանագրել թերեւս կարեւորագույն մի ձեռքբերում՝ ապահովել կոռումպացված եւ միաժամանակ սնանկ իշխող համակարգի փոփոխություն անարյուն ճանապարհով, ապահովել այդ ճանապարհի հանդեպ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների չմիջամտելու կոնսենսուս:



Մյուս կողմից, ակնառու է, որ դրանով հանդերձ բազմավեկտոր դիմակայությունների ծավալումը շարունակվում է, ըստ այդմ մշտապես առկա է դրանցից բխող մի շարք հարաբերականորեն լոկալ հանգամանքների ճնշումը ռեգիոնալ ռազմա-քաղաքական կայունության վրա: Այդ կայունությունը հատկապես կարեւոր է Հայաստանի նոր իրավիճակի ամրացման եւ զարգացման ինստիտուցիոնալ հիմքեր գցելու համար, ըստ այդմ նոր իշխանության համար ներքին համակարգային ռեֆորմների կարեւորագույն հրամայականներին զուգահեռ՝ եւ օպերատիվ առումով դրանից էլ առաջ, խիստ կարեւոր է կայունության խնդրի ամենօրյա, անընդհատ սպասարկումը՝ թավշյա հեղափոխություն ձեռքբերումը ամրապնդելու համար:

Այստեղ շատ կարեւոր է դառնում ապրիլյան պատերազմի պարագան, դրա հանգամանքները ուսումնասիրելու խնդիրը, քանի որ ապրիլյան պատերազմը լոկ ռազմական գործողություն չէր, այլ ռազմա-քաղաքական չափազանց լայն գործընթացի մի մաս, որն էլ իր հերթին ուղեկցվում էր Հայաստանի ներքին կյանքում ուշագրավ դիմակայություններով: Դրանք իհարկե տեղավորվում էին նախկին իշխող համակարգի շրջանակում, սակայն հույժ կարեւոր է արձանագրել դրանց մեխանիկան եւ կապը արտաքին միջավայրում առկա շահերի եւ փոխհարաբերությունների տարբեր գործոնների հետ:

Այդ պատերազմի խորքային հիմքում գործնականում ընկած էր արցախյան առաջին պատերազմի արդյունքի վերանայման ռազմավարությունը: Դրա շահառուները, համենայն դեպս դատելով այդ տարիների վարքագծից՝ Ադրբեջանից բացի նաեւ Ռուսաստանն ու Թուրքիան էին: Արցախի պատերազմը խախտել է ռուս-թուրքական ստատուս-քվոն, որ մոտ հարյուր տարի առաջ հաստատվել է ռեգիոնում՝ հայկական կյանքերի ու շահերի հաշվին, Մոսկվայի հայտնի պայմանագրով:



Այդ պայմանագիրը կնքող բոլշեւիկյան Ռուսաստանն այժմ չկա, բայց հետսովետական Ռուսաստանն առ այսօր կասկածի տակ չի դնում պայմանագիրը եւ հակառակը՝ Թուրքիայի հետ հարաբերության փուլերում անթաքույց հղումներ անում պատմական բարեկամությանն ու պայմանագրին:

Ռուս-թուրքական հարյուրամյա ստատուս-քվոն պահելու ապրիլյան փորձը կասեցրեցին հայկական բանակն ու հանրությունը, չնայած այն բանին, որ այդ տարիներին Հայաստանի կառավարող եւ այլ այսպես ասած հիմնական քաղաքական ուժերը հանձնեցին պատերազմի «քաղաքական բանալիները»:

Բանակն ու հանրությունը սակայն կասեցրին աղետը, ստիպելով Ռուսաստանին կասեցնել թուրք-ադրբեջանական տանդեմի հետ գործակցության դինամիկան եւ նոր մարտավարությամբ «քավել» Հայաստանի առաջ գործած մեղքը: Ռազմավարության փոփոխություն, սակայն, Ռուսաստանի վարքագծում չի նշմարվել, համենայն դեպս չի ստացվել դրա մասին հուշող գլխավոր ազդակը՝ ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագրի որեւէ ռեվիզիա Ռուսաստանի եթե անգամ ոչ իշխանության, ապա գոնե իշխանամերձ փորձագիտական հանրության շրջանակում:

Քանի դեռ չկա ռազմավարության փոփոխության հստակ ազդակ, թեեւ կարող են նշմարվել գործընթացներ, Հայաստանը մշտապես գտնվում է նոր փորձերի ռիսկերի առաջ: Առավել եւս, որ հաշվի առնելով Հայաստանում գործակալական հնարավոր լայն ցանցի առկայությունը, մշտապես առկա է այդ փորձերի համար ներհայաստանյան գործընկերներ գտնելու վտանգավոր հավանականություն:

Այդ իմաստով, ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեությունը կլինի Հայաստանի իմունիտետը բարձրացրած թավշյա հեղափոխության իմունային կարեւոր հավելում:

https://www.lragir.am/2019/05/22/445161/

ԴԻՏԵԼ